ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, Ֆրանսիայի գլխավոր տոնից՝ Բաստիլի օրվանից մեկ օր առաջ, ժամանեց Փարիզ՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Այս տարի լրանում է Եվրոպայում առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության 100-ամյակը, Բաստիլի օրվա ամենամյա շքերթին ֆրանսիացիների հետ կմասնակցեն և ԱՄՆ զինվորականները: Ո՞ր նախագահը չի սիրում շքերթը: Հատկապես եթե այդ շքերթը ի պատիվ հեղափոխության է: Մակրոնին, որ երկու ամիս առաջ հեղափոխություն արեց Ֆրանսիայի իստեբլիշմենտում, թվում էր՝ Աստված է պատվիրել ֆրանսիական հեղափոխության տարելիցին հրավիրել Ատլանտյան օվկիանոսի հակառակ ափի հեղափոխականին: Առավել ևս, որ այս տարի շքերթը պիտի հիշեցնի ժամանակները, երբ ֆրանսիացի ու ամերիկացի զինվորները ուս ուսի էին կռվում, որ շատ տեղին կլինի երկու երկրների մեջ քաղաքական ու անձնական տարաձայնությունների ներկա մթնոլորտում: Մեր ժամանակներում եղբայրությունն ու համերաշխությունը հեշտ չեն տրվում:
Դաշնակից երկրների ղեկավարներից քչերին է հաջողվել պատմության մեջ ցուցադրել այնքան տարաձայնություններ, որքան կարողացել են կարճ ժամանակի մեջ խցկել Թրամփն ու Մակրոնը: Մայիսին, ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական հանդիպումից առաջ, Էմանուել Մակրոնը տեսախցիկների առաջ կանխեց Թրամփի անձնական ձեռքսեղմումը՝ առաջքաշոցիով և այնպես սեղմեց ԱՄՆ նախագահի աջը, որ ոսկորները սպիտակեցին, ու մի քանի վայրկյան բաց չէր թողնում: Հետո Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից: Մակրոնը տեղնուտեղը պատասխանեց անգլերեն տեսաուղերձով՝ ԱՄՆ-ի այդ ոլորտի գիտնականներին հրավիրելով Ֆրանսիա և հեգնելով Թրամփի հայտնի կարգախոսը՝ բոլորին կոչ արեց «մեր մոլորակը նորից մեծ դարձնել»: Հնարավոր է՝ Մակրոնի ու Թրամփի հարաբերությունները չէին էլ կարող այլ կերպ լինել: Երկուսն էլ ձգտում են իրենց չկաշկանդել հին քաղաքական իստեբլիշմենտի պայմանականություններով, երկուսն էլ ուզում են ուժեղ ղեկավար երևալ, բացի այդ՝ նրանց միջև կան ռեալ քաղաքական տարաձայնություններ: Դոնալդ Թրամփը ընտրություններում բացահայտ աջակցում էր Մարին լը Պենին: Այս այցի վրա կախվում է սկանդալների մռայլ ամպը՝ Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ընթացքի վրա: Ժամանակ առ ժամանակ թվում է, որ Մակրոնին ու Թրամփին նույնիսկ դուր է գալիս «պատերազմ խաղալ» հասարակության առաջ:
«Ժամանակն է ավարտել տղայական մրցակցությունը՝ ով ում ձեռքն ավելի ամուր կսեղմի,- հունիսին գրել էր Le Monde-ը:- Գուցե Մակրոնը Թրամփից խլել է անկանխատեսելիության մոնոպոլիան, բայց նա ցանկանում է դառնալ Եվրոպայի ձայնն աշխարհում, իսկ դրա համար պետք է առաջ գնալ իմիջային ժեստերի ու սիմվոլների խաղերից»: Մակրոնը լավ է կարողանում սիրաշահել համաշխարհային ղեկավարներին, վերջերս նա շատ է ջանացել՝ ստանալու Դոնալդ Թրամփի բարյացակամությունը: Հուլիսի 7-ին, Համբուրգում, երեկոյան համերգից առաջ, Թրամփն ու Մակրոնը կողք կողքի էին նստել ու երկար, սիրալիր զրուցում էին: Ֆրանսիայի երիտասարդ ու անփորձ նախագահը շատ է ուզում մեծացնել իր երկրի կշիռը միջազգային ասպարեզում, նաև ամրապնդել դիրքերը տանը: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսը լրագրողներին ասաց, որ Մակրոնը «որոնում է համաշխարհային ղեկավարների ընկերակցությունը», որովհետև նրան պետք է «լեգիտիմացնել իր հաղթանակը»՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում Մակրոնը ընտրողների ձայների մեկ քառորդից պակաս էր հավաքել: Մակրոնն արդեն Վերսալում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հիմա փառահեղ ու հնաշունչ արարողությունները սպասում են Թրամփին:
Այցը Փարիզ նրա համար հնարավորություն է՝ ցույց տալ, թե ինչքան է գնահատում տրանսատլանտյան կապերը և ինչ նշանակություն է տալիս, տարաձայնություններով հանդերձ, Ֆրանսիայի հետ համագործակցությանը Սիրիայի կոնֆլիկտի լուծման մեջ, ահաբեկչության դեմ պայքարում և ՆԱՏՕ-ում համատեղ աշխատանքներում: ՈՒրբաթ օրը, Բաստիլի օրվա հետ, Ֆրանսիան նշում է և ողբերգական տարելից՝ Նիցցայի ահաբեկչության: Մեկ տարի առաջ թունիսցի ահաբեկիչը բեռնատարով մխրճվեց Նիցցայի Անգլիական լողափում հավաքվածների մեջ, որ դիտում էին Բաստիլի օրվա պատվին հրավառությունը: 86 զոհ եղավ: ՈՒրբաթ օրը երեկոյան Մակրոնը մեկնելու է Նիցցա՝ մասնակցելու հիշատակի արարողությանը: Քաղաքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցներ: Փարիզում ևս անվտանգության հատուկ միջոցառումներ են՝ ԱՄՆ նախագահի համար: Այս այցը պետք է ընդգծի ֆրանս-ամերիկյան հարաբերությունների տարբեր կողմերը՝ և նախկին համատեղ հաղթանակները, և ապագա ալյանսները, և ներկա ընդհանուր նպատակները:
Լյուսի ՎԻԼՅԱՄՍՈՆ, BBC
Հ.Գ. Համբուրգում տանտիրուհին՝ կանցլեր Անգելա Մերկելը, համբուրեց միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյին: Բոլորը գնահատեցին նրա նրբին ճաշակը: Բայց դա էլ չազդեց ֆրանս-գերմանական հարաբերությունների վրա: Մերկելը ստիպված է ընդունել, որ Մակրոնը բոլորովին նման չէ Օլանդին, նա ամեն ինչ անելու է՝ վերականգնելու Ֆրանսիայի ու Ֆրանսիայի նախագահի տեղն ու դերը աշխարհում, որ Օլանդը հաճույքով զիջել էր Մերկելին: Դոնալդ Թրամփը, ում հետ Մերկելի հարաբերություններն առանձնապես չեն ստացվում, լավ միջոց է սեփական առավելությունն ի ցույց դնելու համար: Տղամարդկանց տանդեմ՝ ընդդեմ կնոջ: Կամ՝ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան Գերմանիայի դեմ: Բայց ամեն ինչ այդքան պարզունակ չէ: Արտաքին շքեղության ու հանդիսավորության խորքում կան տասնյակ կոնկրետ հարցեր՝ երկկողմ հարաբերություններ, բրեկզիտի հարց, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունք, պատժամիջոցների հարց, ահաբեկչություն, կիբեռանվտանգություն, Կլիմայի համաձայնագիր, ՈՒկրաինա, Սիրիա, ՆԱՏՕ, Հարավային Կովկաս: ՈՒ նրանք պիտի հասցնեն քննարկել և որոշումներ կայացնել: Այդպիսին է նախագահների գործը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ